Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ո՞Ւր ես, հալեպահայ Հռիփ, ես քեզ եմ որոնում

Ո՞Ւր ես, հալեպահայ Հռիփ,  ես քեզ եմ որոնում
25.02.2014 | 11:25

Հրաչյա

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նախադրունք.- «Իրատես de facto» թերթի հեղինակներից չեմ սիրում ու չեմ հարգում միայն ինձ։ Դանիել փիլիսոփա Իմաստասեր Երաժիշտ ամենիմացն էնքան լավ է գրում, որ թվում է՝ մտքաբեռ շա՜տ-շատ սագի փետուրներ ունի։ Անահիտ Ադամյանն ասես կայարան լինի, նավահանգիստ, օդանավակայան. չգիտես՝ իջնո՞ւմ ես, թե՞ բարձրանում։ Չդավաճանելով իմ հնուկ Կարմեն Դավթյանին, Կարինե Ռաֆայելյանին, Արմինե Սարգսյանին... նորից շնորհակալ լինելով խմբագրապետ Փիրուզա Մելիքսեթյանին՝ ընտիր խմբագրակազմ-հեղինակներ ունենալու համար, ուրախացա նաև գրողի իր դաշտն ունեցող Խաչատուր Դադայանին գրահողատարածք տրամադրելու համար, ուր նա պարզապես վարում է բարության դասեր. էս ի՜նչ ազգապահներ ենք ունեցել, լի՜քը մանթաշյանցներ. էսօրվա ծառուկյանները, ալեքսանյանները թող սովորեն հայոց բարության դասերը։
Ընթերցողին ասեմ, որ խնդրում եմ իմ գրածը չկարդալ։ Պարզապես Հալեպի կրակներից փախած մի կին՝ Հռիփ Կանայան, Երևանում էստեղ-էնտեղ ապրելուց հետո, ամիսներ անց չդիմացավ իր տան կարոտին ու, չլսելով ոչ մեկի խնդրանքը, գնաց իր Հալեպ, գնաց իր տուն։
Աշխարհից վաղուց ոչ մի բան չուզողս, մինչև էստեղ,- ցուցամատս խրում եմ կոկորդիս մեջ. հո ցուցամա՜տ չէ՝ թշնամու դաշույն է՝ արյուն չունեմ, բայց ի՜նչ արյուն, ֆշշալով կհանի բողազիցս,- հա՜, մինչև էստեղ կուշտս, աշխարհից ամեն պահ մի բան եմ խնդրում։ Չեմ էլ հարցնում՝ աշխարհին ի՞նչ ես տվել, որ ինչ ես ուզում։ Պարտք ես, մեկին մի բան պարտք ես, դու էլ չգիտես` ում ինչ ես պարտք, բայց պարտք ես։ Մեկին ես պարտք, թե աշխարհին, անհայտին, նույն մոլորությունն է, մտածմունքը՝ ինչպես ես դուրս գալու պարտքի տակից։ Երանի՜ նրան, ով ոչ մեկին պարտք չէ։ Ոչ երանի նրան, մարդ լինի, թե երկիր, ով պարտքերի տակ կուչ է եկել, դարձել մի բուռ։
ՈՒ նյարդաբան-հոգեբանը նոր հարցեր տվեց՝ պատահո՞ւմ է, որ աչքիդ մարդիկ են երևում, դու հանգիստ նստած ես ձեր սենյակում, աչքիդ հանկարծ կենդանիներ, գազաններ են երևում, հիշո՞ւմ ես, թե ինչ երազներ ես տեսնում, կարո՞ղ ես մեկնաբանել։ ՈՒ հոգեբան-նյարդաբանին ասացի՝ հիմա նայում եմ ձեզ, ճի՞շտ է, բայց ուշք ու միտքս հեռուներում են։ Հեռուներում՝ որտե՞ղ։ Աշխարհի բոլոր անկյուններում։ Պա՛րտք եմ, պա՜րտք եմ, պարտքերի տակ ու պարտքերի մեջ ճկռել եմ, խճճվել, է՜, ի՞նչ ասեմ։ Եթե չես կարողանում մի ցավի ոտ կոտրել, էլ դու ի՞նչ, ո՞ւմ ես պետք։
Ես նորից, էս գիշեր, երբ աչքերս փակ դես-դեն էի ընկել, հասկանում էի միայն, որ ձեն-ծպտուն չեմ հանելու, գործ եմ ճարել՝ գիշերվա կեսին արթնացնեմ թոռներիս, թառշարժեմ մերոնց, կտրեմ քնից, մեկ էլ ըհը, աչքերիս հասավ Հռիփի դեմքը, ականջիս ընկավ նրա ձայնը։ Հասկանում եմ, որ սա արթմնի երազ է, պետք է զգույշ լինեմ, որ չկտրվի երազը, ուշադիր լինեմ, որ առավոտյան կարողանամ հիշել, թե ում տեսա, ինչ զրուցեցինք։ Փառքդ շատ, Աստված, Հռիփն եկել է։ Ինչո՞ւ չունեմ նրա լուսանկարը։ Հիմա թոռնուհուս կասեմ՝ նկարիր։ Նկարիր, շուտ, որովհետև նա երկար մնացողը չէ, երազ է, կհալվի, կգնա։
Հռիփից երկու դեմք եմ հիշում՝ երկու պատկեր։ Հռիփից երկու ձայն եմ հիշում, երկու կատարում։ Եվ խռովք եմ հիշում։ Եվ տագնապ եմ հիշում։ Անհանգիստ հայուհի է՝ նստած տեղն էլ շարժվում է, միտքը թափառում։ ՈՒրախ էր, որ ծանոթանում է մայր հայրենիքեն ժամանած իր քույր-եղբայրներուն հետ, որ ուրախ պիտ ըլլան, եթե Սուրիա-Հալեպ ժամանածներս ոչինչ թաքցնենք ու մեր պահանջները ասենք։
Դա համարյա քառորդ դար առաջ էր։
Օրինակ, ես՝ պարոնս, ինչ կցանկանամ։ Ասեմ, օրինակ, ես՝ պարոնս, կցանկանամ, որ ինձ պարոնով չդիմեն, կուզենամ, որ ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում, աշխարհում խաղաղություն լինի։ Գիտեմ, որ մեր իջևանած հյուրանոցից՝ Պարոն Հոթելից են սև թվին տարել նաև Դանիել Վարուժանին ու... Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ տարեք Դեր Զոր, որ հայոց գերեզմանատանը լինելը պարտադիր է ինձ համար, որ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը շատ կցանկանամ, որ... Շնորհակալ եմ, առողջ եղեք։
Դեր Զոր ինձ և աստղագետ Միքայել Ղազարյանին տարավ «ակնոցաբան» Զավեն Առաքելյանը, Եփրատին արցունք խառնեցի, Դեր Զորում եկեղեցի էր կառուցվում, հիմքում պիտի մանկանց ոսկորներ դնեին (Վահագն Դավթյանը ուժ ունեցավ գրեց իր հրաշալի պոեմը՝ «Ռեքվիեմը». ի՜նչ աղի ցավով ու ծլող ցասումով է կարդում Սիլվա Յուզբաշյանը)։ ՈՒ հիշում եմ, թե ինչպես Վարանդ Կիրակոսյանը, որը մեր բժշկականի շրջանավարտ էր, ինձ տարավ հայոց հանգստատուն, թե ինչպես Հռիփը զանգահարեց պարոն (ո՞ւմ), ասաց, որ մեկ օրինակ Սիմոն Վրացյանի գրքեն կխնդրե. պարոնին համար։ Շատ բաներ։ ՈՒ նաև՝ Արաքս Վիզոյանը, որը թղթակցում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, գտավ ինձ։ Ասաց՝ ընկերուհիս՝ Սոնա Լեփեջյանը, Հորդանանից՝ Ամմանից, հանձնարարել է իրեն, որ հանդիպի ինձ։ Էնքան հոգատար էր տիկին Վիզոյանը, որ, ասես, սիրելի Սոնայի կրկնակը լիներ, ամեն հիշելիս քրտնում եմ, երևի նաև շիկնում։ Փակագծերում ասեմ, որ Արաքս Վիզոյանը մորաքույր է Երուսաղեմում հայության և հայերենի համար պայքարող բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանի։ Տիկին Վիզոյանն ի՞նչ էր խնդրում քույրաբար։ Ասում էր՝ ի՞նչ կցանկանաք, որ վաղը ճաշակեք։ Մերժում էի, խնդրում, որ նեղություն չկրի, իսկ նա պահանջում էր, քանի անգամ հիշեցրեց՝ Լևոն Հախվերդյանը, որ եկել էր դասախոսությունների շարք վարելու, ասում էր՝ վաղը կարո՞ղ ես... Լևոնն արժանի է. նա մեր անվանի արվեստագետներից է, հրաշալի, ազնիվ մտավորական։ Չէ՛, ես իրավունք չունեմ մոռանալու Հալեպը, իրավունք չունեմ չհիշելու նրանց, որոնք եղեռնից հետո հանգրվանել են Սիրիայում։ Եվ նրանք ի՜նչ ուշադիր էին ամեն մի հարցում։ Թաքցնելու բան չէ. սովետական տուրիստը մի բան տանում էր, որ վաճառի, մի երկու բան բերի։ Եթե մենք առուտուր ունենք, ապա կուղեկցեն մեզ Հալեպի նշանավոր շուկա։ Չլինի էնպես, որ փողոցում, մի տեղ կանգնենք ու... Ադ արդեն ամոթ պիտի ըլլա... Հիշում եմ՝ մի երկու դպրոց գնացի։ Հանդիպեցի ճանաչված ուսուցչուհի Ազնիվ Արաբյանին, որը շատերու օրիորդը եղած է դպրոցում։ Նա մեր մանկավարժականն է ավարտել։ Կապ է պահպանում իր կուրսեցիների հետ, մեկը Եղեգնաձորում է, մյուսը՝ Կապանում, Թևոս Պետրոսյանը՝ Երևանում, իսկ Երևան գալիս հանգրվանում էր իր մոտ ընկերուհի, դասախոս Ծովինար Ադամյանի տանը։ Երկրորդ անգամ, երբ մեր տուն եկավ, հետը մի բուռ հող էր բերել. իր աշակերտների հետ գնացել են Դեր Զոր։ Տեր Աստված, էս ավազների մեջ մանկանց ոսկորներ են եղել. գիշերները լույս են արձակել։ (Ես կարողացա կամ չկարողացա հալեպյան ապրումներս հանձնել թղթին, բայց հիշում եմ, որ մի պատմություն նվիրել էի սիրելի Հռիփին. քեռի Թաթոյի պատմությունն էր։ Երեսունականներին հալածում-հետապնդում են նաև նրան, ինչ է՝ եղել է Անդրանիկի զինվորը և. կռվել է թուրքերի դեմ։ Եվ կնոջն է ասում՝ երկու օր հետո, գիշերը կրակ կանեմ Արարատի լանջին։ Եթե կրակը տեսնես, ուրեմն անցել եմ։ Անցնում է Պարսկաստան, անցնում է էս երկիր, էն երկիր ու հայտնվում Սիրիայում, օրը մեկի տանը զրույց է անում, հիշում իր զավակներին ու հավատում, որ մի օր վերադառնալու է ձիով, միայն ձիով։ Հալեպում ծաղիկներ դրեցի նաև նրա շիրմին։ Հե՜յ, Խաչիկ Դաշտենց, հե՜յ, Մուշեղ Գալշոյան, հե՜յ, ռանչպարների հավերժական կանչ...)։ Հալեպյան տպավորություններս, օ՜, Անդրանիկ Ծառուկյան, Մանկություն չունեցող մարդիկ, Երազային Հալեպ,- ասես մնացին երկրաշարժի տակ, պատերազմ անցավ մեր ապրումների, մեր սերերի, մեր լեզվի վրայով։ Անապատի սերունդը հանգրվանեց տարբեր երկրներում։ Վրանների բնակիչներ դարձան շատ շատերը։ Բեյրութը դարձավ երկրորդ մայրաքաղաք։ Հալեպը դարձավ ծաղկուն Հայաստան։ Թվում էր, թե... ՈՒ նորից մեր արյան մեջ արթնացավ ցավը։ Սիրիայից հայերը պարզապես փախչում են։ ՈՒր պատահի։ Իհարկե, նաև Հայաստան-Հայրենիք-Երկիր։ ՈՒ հանկարծ օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանից լսում եմ, որ Երևանում է Հռիփը։ Սիրիայի՞ Հռիփը, Հալեպի՞ Հռիփը։ Այո՛, տխուր ասում է Հասմիկը։ Հայությունը տեղաշարժվում է։ Հռիփի անունը լսելով նորից, ասես, տեսնում եմ մերոնց։ Նրանց, ում հետ հասցրի ծանոթանալ։ Քո ժողովրդի զավակներին, հրաշքով փրկվածներին կարողացել են փրկել, այո, կրկնակի փրկել օտարները, արաբները։ Դե, հիմա էլ դու փրկիր, մա՛յր Հայրենիք, ազատ, անկախ Հայաստան։
Եվ տեսա Հռիփին, սիրելի Հռիփ Կանայանին, որին մեծ ու փոքր դիմում են միայն անունով։ Հռիփ։ Ներողություն խնդրեցի, որ վատառողջ եմ, տնից դուրս չեմ գալիս, նորից խնդրեցի, որ... Եկավ Հռիփը։ Իմ տեսած Հռիփից Հռիփ չէր մնացել. գունատ էր, տագնապահար։ Ասաց, բառեր ասաց, բայց ի՞նչ ասաց։ Միտքը թափառում է։ Բառերը կտրտվում են։ Ինչո՞վ սատարել նրան։ Ի՞նչ ասել։ Ասում եմ, որ Զավեն Առաքելյանը քանիցս խնդրել է, որ դրսում, մի տեղ, մի սրճարանում հանդիպենք մի քանի սիրիահայերի հետ, ասել է՝ մի՛ վախեցիր, հենց վատանաս, շտապ հիվանդանոց կամ տուն կտանենք։ Հրաժարվել եմ։ Բա մարդ կոչվածի, հայ կոչվածիս վերջին շունչն էլ ո՞ր օրվա համար է։ ՈՒ զարմացա, շատ զարմացա, որ Հռիփը երկու օրից մեկնում է Հալեպ։ Հիշեցնում է՝ ամուսինը մահացել է, երկու զավակները գտնվում են ուրիշ երկրներում։ Ո՞Ւր։ ՈՒր էլ լինեն։ Աստված հետները։ Տուն ունի, խանութ ունի։ Հիմա իր տունը գուցե գողեր են մտնել, թալանում են, գուցե արկ է ընկել տան վրա, իր տունը վառվում է։ Ինքը կա, շնչում է, ապրում է, իսկ իր տունը այրվում է, հասկանանք՝ հայության տունը այրվում է։ Քո տունը վառվում է, իսկ դու քո մահամերձ տան կողքին չլինե՞ս։ Էս տունը քեզ ուրախություններ է պարգևել, զավակներ է տվել։ Դու կաս, տունը գիտի, որ դու կաս։
Հռի՜փ... Հռի՜փ...
Էս ի՜նչ անճարություն է տրված ինձ։ Աչքերս բաց՝ երազ եմ տեսնում. տունը, որտեղ ծնվել եմ, այրվում է։ Այրվում է, ձեռքեր են մեկնվում, որ հանգցնեն, ձեռափերի մեջ տեսնում եմ իմ հոր, իմ մոր ձեռքերը. էս տունը ծանր օրով նրանք են կառուցել։ Տունը հայրենիք է։ Տեր չլինենք, անտեր տան նման հրո ճարակ կդառնա։ Ես վառված տներ ու այրված գյուղեր տեսա Արցախում։ Մոխիր բառը՝ մեջը՝ կայծեր, լցվեց աչքերիս մեջ, այրեց սիրտս։
Վերջադրունք.- Շատ ասացինք, շատ լսեցինք՝ փյունիկ թռչունի նման հառնեցինք մոխիրներից։ Հուզմունքը խեղդում է ինձ։ Ամբողջ երկիր ենք կորցրել։ Հայրենիք ենք կորցրել։ Սպանվել է, եղեռնվել է, անապատ է քշվել մի հին, բնիկ ժողովուրդ։ Ամեն տուն, ամեն շեն մի պատմություն է։
Քանի՞ ամիս է անցել։ Ո՞Ւր ես, Հռիփ, փրկեցի՞ր տունդ, տանդ վերջին շնչին հասա՞ր։ Ի՞նչ եմ ասում։ Պապս կասեր՝ բերանդ խերով բաց։ Մի՛ հեռացիր։ Հրդեհվիր, մոխրացիր տանդ հետ։ Այրվող երեխային, խեղդվող երեխային կլքե՞ն։ Բառի մեջ պետք է պակասի խոսքը։ Խոսքի մեջ ջերմություն է լինելու, և էդ ջերմությունը պետք է լույս տա, ծիլ տա բառին։ Ես կորցրել եմ իմ հաշտարար բառը։ Ինչո՞ւ չունեմ քո լուսանկարը, Հռի՛փ։ Անունդ պատկերվում է իմ դեմ ու ձայնդ եմ լսում՝ հավատավոր և տագնապահար։ Անունդ երկու դեմք է հուշում՝ պահած հայելու դեմ։ Պահում եմ աչքերիս դեմ՝ պայծառ և մթագնող։ Աչքերս փակեմ, երազս պահեմ։ Արթնանամ ու փորձեմ պատմել։
Աչք ունես՝ պահիր տանդ վրա։
Մի մեծ շենից մի բուռ մոխիր է մնացել։ Մի հնությունից մնացել է այրված մի խաչքար։
Տունը եթե կա, բայց չի խոսում մայրենիով, ուրեմն մոխիր է։
Փրկենք, փրկենք սիրիահայերին։ Նրանք հարյուր տարի առաջ են փրկվել։ Փրկվել են հրաշքով։ Փրկվածի ժառանգ է Հռիփը։ Կմոխրանա, միայն թե չմոխրանա իր տունը, ուր ամուսնու հետ, զավակների հետ ապրել է հայերեն։

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ